ՀայաստանՊատահար

Շենգավիթում տղամարդը կացինով հարձակվել է շտապօգնության բժիշկների վրա

Երեկ՝ մայիսի 26-ին, Երևանում շտապօգնության բժիշկների վրա հերթական հարձակման դեպք է գրանցվել։ Ժամը 20:55-ի սահմաններում Շենգավիթ վարչական շրջանում Արարատյան փողոցի 10-րդ բարակում տղամարդը կացինով հարձակվել է շտապօգնության անձնակազմի վրա։

Շտապօգնության 6-րդ ենթակայանի խումբը կանչով ժամանել էր նշված հասցե՝ օգնություն ցուցաբերելու համար։ Տղամարդը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, վիրավորական արտահայտություններ էր արել և կացինը նետել 26-ամյա բժշկի ուղղությամբ։

Կասկածյալը վնասազերծվել և տեղափոխվել է բաժին։ Նա նաև կոտրել է բնակարանի սանհանգույցի դուռը և ապակիները։ Դեպքի վայրում կացինը չի գտնվել, սակայն քննիչի բացատրական աշխատանքի արդյունքում տղամարդու հարազատը այն ներկայացրել է ոստիկանությանը՝ նշելով, որ ինքն է այն հեռացրել դեպքի վայրից։

Դեպքի հանգամանքները պարզվում են։ Քրեական վարույթ է հարուցվել։