
Դասախոսը կաշառք է պահանջել ուսանողներից՝ քննությունները բարձր գնահատելու համար
Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի դասախոսը մեղադրվում է ուսանողներից ընդհանուր 500,000 ՀՀ դրամ կաշառք պահանջելու և ստանալու մեջ՝ ավարտական քննությունները բարձր գնահատելու նպատակով։
Պարզվել է, որ դասախոսը դեռևս 2025 թվականի մարտից ապրիլ ընկած ժամանակահատվածում է ուսանողներից գումարներ պահանջել։
Մեկ ուսանողից նա ստացել է կաշառքը, իսկ մյուսի դեպքում՝ կոմիտեի կողմից իրականացված «կաշառք ստանալու և տալու նմանակում» գաղտնի քննչական գործողության արդյունքում, կաշառք ստանալու պահին բռնվել և ձերբակալվել է։ Խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել և վերցվել է կաշառքի գումարը։
Դասախոսին մեղադրանք է առաջադրվել մասնավոր ոլորտում կաշառք ստանալու համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։ Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, և նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ։