
Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարից տուժել է 12 անձ, կա 1 զոհ
Մայիսի 29-ին, ժամը 08:00-ի սահմաններում Արագածոտնի մարզում` Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և «Volkswagen» մակնիշի միկրոավտոբուսը, ինչի հետևանքով «Opel»-ում հրդեհ է բռնկվել: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:34-ին, մարվել՝ 08:47-ին: Հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել է «Opel» մակնիշի ավտոմեքենան:
Ըստ նախնական տվյալների՝ վթարի հետևանքով տուժել է 12 քաղաքացի, որոնցից մեկը՝ «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, տեղում մահացել է: Մյուս տուժածներից 11-ը տեղափոխվել են բժշկական կենտրոններ։ 27-ամյա քաղաքացու առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, և կազմակերպվում է նրա տեղափոխումը սանավիացիայով Երևան: Այս մասին տեղեկացրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: