
Գայլերը 75 ոչխար են հոշոտել
Մայիսի 29-ի գիշերը Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Նորատուս գյուղում գայլերը հարձակվել են տեղական տնտեսությունների վրա և հոշոտել 75 գլուխ ոչխար ու գառ։ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչությունից հայտնում են, որ հարձակման հետևանքով 25-ը գառ են, իսկ 50-ը՝ մայր ոչխար։
Նշվում է, որ հոշոտված ոչխարները պատկանում են Նորատուսի 9 տնտեսություններին, որոնցից 50 գլուխը պատկանում էին հովիվ Արայիկ Հայրապետյանին, իսկ մնացածը՝ 8 այլ տնտեսությունների։
Հովիվ Արայիկ Հայրապետյանին պատկանող փարախում և գոմում եղել է ընդհանուր առմամբ 217 գլուխ ոչխար, որոնց մի մասը մասնավոր տնտեսություններից վարձով պահելու նպատակով էր հավաքել հովիվը։ Այսինքն՝ գյուղի մյուս բնակիչները իրենց ոչխարները տվել էին Արայիկ Հայրապետյանին, որպեսզի նա գումարի դիմաց պահեր կենդանիներին։ Գայլերը մտել են գոմ՝ բաց պատուհանից։ Վնաս է հասցվել նաև բացօթյան փարախում գտնվող ոչխարներին։
Տնտեսություններին հասցված վնասը գնահատվել է 3 միլիոն 500 հազար դրամ։