Առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի մաքսանենգության գործով երեք անձ ձերբակալվել է
Առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի մաքսանենգության և ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից, գործով երեք անձի նկատմամբ կալանք է կիրառվել։
Նախաքննական մարմնի տվյալներով՝ ՀՀ քաղաքացին իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել «մեթամֆետամին» տեսակի առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց և այն, հագուստի տակ թաքցնելով, տեղափոխել Հայաստան։ Երկիր մուտք գործելիս նա ձերբակալվել է։
Քաղաքացու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ թմրամիջոցների առանձնապես խոշոր չափերով ապօրինի շրջանառության և մաքսանենգության հոդվածներով։ Գործի քննության ընթացքում նույնատիպ հոդվածներով քրեական հետապնդում է հարուցվել նաև ևս երկու անձի նկատմամբ։
Երեք կասկածյալների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին։
