
Հայաստանի նախկին փոխվարչապետը մեղադրվում է մոտ 5 միլիորադ փողերի լվացման մեջ
Հայաստանի նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել շուրջ 5 միլիարդ դրամի ապօրինի եկամուտների օրինականացման՝ փողերի լվացման համար։
Հակակոռուպցիոն կոմիտեի տվյալներով՝ Արմեն Գևորգյանը, զբաղեցնելով բարձրաստիճան պաշտոններ 2000–2018 թվականների ընթացքում օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված գույք, որի ընդհանուր գումարը կազմել է 4.9 միլիարդ դրամ։ Նա եղել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, տարածքային կառավարման նախարար և փոխվարչապետ։
Ըստ նախաքննության՝ նրա և մերձավորների անունով գրանցվել է 39 անշարժ գույք Երևանում և Հայաստանի մարզերում։ Այս գույքերի պայմանագրային արժեքը եղել է մոտ 751 միլիոն դրամ, սակայն իրական շուկայական արժեքը գերազանցել է 4.8 միլիարդ դրամը։ Դրան գումարվում են նաև Չեխիայում գնված 10 անշարժ գույքերը, որոնց արժեքը կազմել է մոտ 920,000 ԱՄՆ դոլար։
Բացի անշարժ գույքից, Գևորգյանը և իր շրջապատը իրականացրել են նաև մեծածավալ բանկային փոխանցումներ, որոնք էականորեն գերազանցել են նրանց հայտարարագրված եկամուտները։
Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով գույքի օրինականացման համար։
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, իսկ նյութերը փոխանցվել են դատախազություն՝ դատարան ուղարկելու միջնորդությամբ։
Նշենք, որ գործի քննությունը սկսվել է դեռևս 2024թվականի սեպտեմբերից։
Գործով մեղադրանք է առաջադրվել նաև Ռոբերտ Քոչարյանին և Սեյրան Օհանյանին՝ Հայաստանի սահմանադրական կարգը տապալելու համար։
Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Արմեն Գևորգյանի դեմ քրեական գործ է հարուցվում։ Նրան մեղադրանք է առաջադրվել նաև մարտի 1-ի գործով արդարադատության կայացմանը խոչընդոտելու համար: