
Կոտայքում ամուսիններ են թրաֆիքինգի ենթարկվել. նախաքննությունն ավարտվել է
Կոտայքի մարզում ամուսինները հայտնվել են աշխատանքային շահագործման և բռնության ծուղակում։
Հետաքննությամբ պարզվել է, որ անասնաֆերմայի աշխատակիցը նրանց չի վճարել կատարած աշխատանքի դիմաց՝ կիրառելով բռնություն և սպառնալիքներ։ Նրանցից մեկը կարողացել է փախչել։
Անասնապահը շարունակել է շահագործել մյուսին՝ ստիպելով կատարել ինչպես ֆերմայի, այնպես էլ լրացուցիչ աշխատանքներ։ Ըստ քննչական կոմիտեի՝ նա գտնվել է անօգնական վիճակում, մասնակիորեն է գիտակցել կատարվածի բնույթը։
Աշխատանքի շուրջ 4 ամիսների ընթացքում տուժածներից մեկին վճարվել է ընդամենը 5000 դրամ։ Ավելին՝ նրա նկատմամբ կիրառվել է ֆիզիկական բռնություն՝ բութ գործիքով, ինչի հետևանքով նա ևս փախուստի է դիմել։
Անասնապահի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում մարդու թրաֆիքինգի և անօգնական վիճակում գտնվողի շահագործման համար։ Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին։