ՀայաստանՊատահար

Քննչական կոմիտեի գողության գործով դեռ չի հայտնաբերվել 11,200 դոլար. հարազատները պատրաստ են վերադարձնել գումարը

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը հայտնել է, որ Քննչական կոմիտեից գողացված գումարից այս պահին հայտնաբերված չէ շուրջ 11,200 դոլար։

Նահապետյանը նաև նշել է, որ մեղադրյալի հարազատները պատրաստակամություն են հայտնել վերադարձնել գողացված գումարը։

Հիշեցնենք, որ ըստ նախնական տվյալների՝ մի տղամարդ մուտք է գործել Քննչական կոմիտեի շենք՝ ներկայացնելով քննիչի կեղծ անցագիր։ Նա շենքում մնացել է գիշերվա ընթացքում, իսկ առավոտյան պարզվել է, որ պահեստավորված գումարը գողացված է։

Գողացված գումարը Քննչական կոմիտեում պահվում էր որպես իրեղեն ապացույց՝ մեկ այլ քրեական գործի շրջանակում։ Վարչության պետը 2025-ի ապրիլին դիմել է Կենտրոնական բանկին՝ գումարը ի պահ հանձնելու նպատակով, սակայն Կենտրոնակապ բանկը որոշ ընթացակարգային պատճառներով, հրաժարվել է այն ընդունել։ Արդյունքում գումարը վերադարձվել է Քննչական կոմիտե և մնացել չհրկիզվող պահարանում։

Գործի շրջանակում կալանավորվել են երկու մեղադրյալներ, որոնցից մեկը Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության գործերով քննության վարչության պետն է։

Սեդա Մարտոյան