ՀայաստանՍոցիալական

Աբովյան փողոցում ձերբակալվել են ապօրինի զենք և զինամթերք կրող վեց անձ

Հունիսի 5-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, Երևանի Աբովյան փողոցի բակերից մեկում ձերբակալվել են վեց տղամարդ, ովքեր կասկածվում են զենք և զինամթերք ապօրինի կրելու մեջ։ Տղամարդիկ տեղափոխվել են Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։

Նրանցից մեկի՝ 27-ամյա վանաձորցու մոտ իրականացված խուզարկությամբ հայտնաբերվել է երկու «Մակարով» տեսակի ատրճանակ՝ յուրաքանչյուրն առանց համարի, լիցքավորված հնգական փամփուշտներով, ինչպես նաև ծալովի դանակ։

Ձերբակալվածների ավտոմեքենաները՝ «Մերսեդես» և «ԲՄՎ» մակնիշի, մնացել են դեպքի վայրում ոստիկանության հսկողության ներքո։

Ըստ Քրեական ոստիկանության՝ նախապես ստացվել էին օպերատիվ տվյալներ, որ նշված մեքենաներում գտնվող անձինք կարող են կրել ապօրինի զենք։ Ստուգման արդյունքներով կազմվել են փաստաթղթեր, որոնք ներկայացվել են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Նախաքննությունը շարունակվում է՝ բացահայտելու համար զենքի ծագման, պահպանման և տեղափոխման հանգամանքները։

Սեդա Մարտոյան