
Արմաշում վթար է տեղի ունեցել. տուժել է պարեկային ծառայող
Արարատի մարզի Արմաշ գյուղում ավտովթար է տեղի ունեցել։ «Հյունդայ» մակնիշի մեքենայի վարորդը կորցրել է կառավարումը և բախվել կայանած պարեկային ավտոմեքենային։ Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։
Վթարի հետևանքով մարմնական վնասվածքներ են ստացել երեք մարդ, այդ թվում՝ պարեկային ծառայության կին ծառայող։ Բոլոր տուժածները հոսպիտալացվել են։
Մամուլում տեսանյութ է տարածբել, որում հստակ երևում է, որ պարեկային ծառայության կարգախումբը, վարելիս բջջային հեռախոսից օգտվելու համար, կանգնեցնում է «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան՝ վարչարարություն իրականացնելու նպատակով։ Դրանից հետո «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ստեղծում է վթարային իրավիճակ, ինչի հետևանքով նույն ճանապարհով ընթացող «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, չկարողանալով կառավարել այն, բախվում է «ՎԱԶ» մեքենային, ապա ճանապարհի աջ եզրային մասում կայանված պարեկային ծառայության կարգախմբի ավտոմեքենային։
Միջադեպից հետո մամուլում հայտնվեցին տեղեկություններ, թե վթարի մասնակից է եղել նաև Սյունիքից վերադարձող վարչապետի ավտոշարասյունը։ ՆԳՆ-ն հայտարարել է, որ այս տեղեկությունը կեղծ է՝ ընդգծելով, որ այն որևէ կապ չունի վթարի հետ։