
Երևանում կրկին բռնության դեպք է գրանցվել հանրային տրանսպորտի վարորդի նկատմամբ
Այսօր բռնության է ենթարկվել 31 համարի ավտոբուսի վարորդը։ Տեղեկությունը հայտնել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Նրա հաղորդմամբ՝ վարորդի վրա հարձակվել են երկու անձինք։
Մեզ համար առաջնահերթ է հանրային տրանսպորտի վարորդների և ուղևորների անվտանգությունը։ Նման միջադեպերը անթույլատրելի են և պետք է արժանանան պատշաճ արձագանքի, – նշել է Կոստանյանը՝ հավելելով, որ քաղաքապետարանը դիմել է ոստիկանություն, և ակնկալվում է, որ մեղավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ։
Նմանատիպ միջադեպերը վերջին շրջանում հաճախացել են։ Մասնավորապես, ապրիլի 23-ին 38 համարի ավտոբուսի վարորդը վեճի ընթացքում դանակահարվել էր մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից։ Փետրվարին էլ 97 համարի ավտոբուսում վարորդի և ուղևորների միջև վեճ էր սկսվել այն բանից հետո, երբ վարորդը խնդրել էր վճարել ուղեվարձը։ Փետրվարին քաղաքացիներից մեկն էլ ջարդել էր 31 համարի ավտոբուսի կողային ապակին՝ վճարման շուրջ եղած վեճերից հետո։