
11 ոստիկանների վերաբերյալ քրեական գործը ուղարկվել է դատարան
Հակակոռուպցիոն կոմիտեն ավարտել է նախաքննությունն ու դատարան է ուղարկել 11 ոստիկանի վերաբերյալ քրեական գործը։ Նրանք մեղադրվում են պաշտոնեական դիրքի չարաշահման, փաստաթղթերի կեղծման և հանցագործության վերաբերյալ տեղեկատվությունը թաքցնելու մեջ։
Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2024թ. օգոստոսի 16-ին ոստիկանության աշխատակիցները, արձագանքելով ահազանգին, ժամանել են Փարաքար համայնքում գործող ռեստորանային համալիր։ Տեղում արձանագրել են խուլիգանության դեպք՝ ուղեկցված մարմնական վնասվածքներով, արյան հետքերով և այլ ապացույցներով։
Ըստ նախաքննության, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարը ծառայողներին տվել է ապօրինի հրահանգ՝ դեպքի վայրում ծառայողական գործողություններ չիրականացնել և վերադառնալ բաժին։ Ոստիկանները չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները, չեն հավաքել ապացույցները, չեն պարզել դեպքի մասնակիցների ինքնությունը, և պաշտոնական փաստաթղթերում ներկայացրել են խեղաթյուրված տեղեկություն։
Այսպիսով՝ հնարավոր ծանր հանցագործության փաստը չի գրանցվել, իսկ այն կատարած անձինք չեն բացահայտվել։ Վաղարշապատի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարին մեղադրանք է առաջադրվել իշխանական կամ ծառայոական լիազորությունները չարաշահելու համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել են պաշտոնանկություն և տնային կալանք։
Մյուս 10 ոստիկան ծառայողներին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական կեղծիքի և հանցանքին օժանդակելու համար։ Նրանց նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք և պաշտոնից ժամանակավոր հեռացում։ Քրեական գործն ուղարկվել է դատարան։