
«Պիցցա Տաշիր»-ի Մաշտոցի մասնաճյուղը կասեցվել է սանիտարական խախտումների պատճառով
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է «Պիցցա Տաշիր» ընկերությանը պատկանող Երևանի Մաշտոցի պողոտա 50 հասցեում գործող մասնաճյուղի արտադրական գործունեությունը։ Ստուգումների արդյունքում արձանագրվել են սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ։
Մասնավորապես՝ պատերը չեն համապատասխանել սանիտարական պահանջներին, քանի որ չեն ունեցել հարթ, լվացվող և ախտահանվող մակերեսներ։ Առաստաղները կառուցված չեն եղել այնպես, որ բացառեն կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը կամ մասնիկների թափվելը։
Հատակին հայտնաբերվել են վնասված և ոչ հարթ հատվածներ, որոնք չեն ապահովել մաքրության պահպանման հնարավորությունը։
Ինչպես նաև, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող աշխատանքային մակերեսների մի մասը չի համապատասխանել անվտանգության պահանջներին՝ չլինելով հարթ, նորոգ, ախտահանվող և կոռոզիայից պաշտպանված։
Տեսչական մարմինը սահմանել է ժամկետ խախտումները վերացնելու համար։ Վերահսկողական միջոցառումները շարունակվում են նաև կազմակերպության մյուս մասնաճյուղերում։