
Արեգակի վրա գրանցվել է տարվա չորրորդ ամենաուժեղ բռնկումը. հնարավոր են կապի խափանումներ
Երևանի ժամանակով գիշերը՝ ժամը 01:49-ին, Արեգակի վրա տեղի է ունեցել X1.2 մակարդակի բռնկում։ Սա տարվա չորրորդ ամենաուժեղ բռնկումն է՝ ըստ մասնագիտական կենտրոնների նախնական գնահատման։
Բռնկումը գրանցվել է Արեգակի կենտրոնական հատվածում։ Սա մեծացնում է հնարավոր ազդեցությունը Երկրի վրա։ Մասնագետները զգուշացնում են, որ կարող են լինել կարճաժամկետ խափանումներ ռադիոկապի և նավիգացիոն համակարգերում, հատկապես արևադարձային շրջաններում։
Եթե բռնկմանը հաջորդի պլազմայի արտազատում, ապա մոլորակի մագնիսական դաշտը կարող է ուժեղ արձագանքել՝ առաջացնելով մագնիսական փոթորիկ։ Արեգակի ակտիվ հատվածները շարունակում են շարժվել, և նմանատիպ երևույթներ կարող են կրկնվել առաջիկա օրերին։
Տիեզերքի եղանակը վերահսկող կենտրոնները հետևում են զարգացումներին։