ՀայաստանՊատահար

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տուգանվել է 10 միլիոն դրամով

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տուգանվել է 10 միլիոն դրամով՝ սպառողների նկատմամբ արձանագրված տեխնիկական և առևտրային խախտումների համար։ Տուգանքը կիրառել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը՝ հունիսի 18-ին կայացած նիստի ընթացքում։

Հանձնաժողովը նախապես մոնիթորինգ է իրականացրել ՀԷՑ-ի երեք մասնաճյուղերում՝ փետրվարի 3-14-ն ընկած ժամանակահատվածում։ Ստուգվել է, թե որքանով է իրականում սպառողներին հասած էլեկտրաէներգիան համապատասխանում հաշվիչներով գրանցված տվյալներին։ Արդյունքում՝ արձանագրվել են մի շարք խախտումներ։

Խնդիրները հիմնականում կապված են եղել հին՝ ինդուկցիոն հաշվիչների առկայության, լարման և հզորության գործակցի (cos φ) ավտոմատ գրանցման բացակայության, ինչպես նաև սպառված էլեկտրաէներգիայի ձեռքով հաշվարկման հետ, ինչը հակասում է գործող կանոնակարգերին։

Ընկերությունը չհերքելով խախտումները՝ ներկայացրել է պարզաբանումներ։

Բացի տուգանքից, հանձնաժողովը ՀԷՑ-ին պարտավորեցրել է մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը ամբողջությամբ վերացնել նմանատիպ խախտումները։ Ընկերությունը նաև պետք է տեղեկացնի հանձնաժողովին կատարված աշխատանքների վերաբերյալ՝ մեկամսյա ժամկետում։ Տեղի ունեցած խախտումների հետևանքով, ըստ որոշման, ՀԷՑ-ը որոշ դեպքերում պարտավոր կլինի փոխհատուցել սպառողներին։

Հիշեցնենք, որ ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերությունների խումբը 2015 թվականի սեպտեմբերի 30-ին գնել էր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն: Իսկ երեկ՝ հունիսի 17-ի գիշերը, Երևանում Ուլնեցի փողոցում Սամվել Կարապետյանին ոստիկաններն ու հատուկ ջոկատայինները ձերբակալեցին և տեղափոխեցին բաժին՝ անցկացնելով խուզարկություն նրա տանը։

Վերջինիս նկատմամբ մեղադրանք է առաջադրվել` աջակցելու համար ՀՀ ընդդիմադիր ելույթներին, որոնք ուղղված էին Հայ Առաքելական եկեղեցու պաշտպանությանը։

Նշենք նաև, որ Սամվել Կարապետյանին պատկանող «Պիցցա Տաշիր» ընկերությունը ևս վերջին օրերին հայտնվել է Սննդի անվտանգության տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում։ Ընկերության տարբեր մասնաճուղերում իրականացվում են ստուգումներ։

Սեդա Մարտոյան