
Վրաստանում առգրավվել է Հայաստանի տարածքով տեղափոխված 298 կգ թմրանյութ
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ առգրավվել է Հայաստանի տարածքով Վրաստան տեղափոխված շուրջ 300 կիլոգրամ հերոին։ Ըստ նախարարության, բեռնատարը մաքսային փաստաթղթերով տեղափոխել է հրակայուն աղյուսներ, սակայն դրանց մեջ թաքցված է եղել 298 կգ հերոին։ Դրանք տեղադրված են եղել աղյուսի տեսք ունեցող 600 պլաստիկ տարաների մեջ։
Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ բեռնատարը Վրաստան է մուտք գործել «Գուգուտի» մաքսային անցակետով՝ Հայաստանի Գոգավան հատվածից, և այն պետք է տեղափոխվեր Բաթումի, ապա՝ Եվրոպա։ Նախնական գնահատականով՝ սև շուկայում հերոինի արժեքը կազմում է ավելի քան 31 միլիոն ԱՄՆ դոլար։
Գործով Վրաստանի քաղաքացի է ձերբակալվել՝ թմրանյութի առանձնապես խոշոր չափերով ապօրինի ձեռքբերման, պահման և ներմուծման մեղադրանքով։ Հանցանքը, ըստ Վրաստանի օրենսգրքի, կարող է պատժվել մինչև 20 տարի կամ նույնիսկ ցմահ ազատազրկմամբ։