ՀայաստանՊատահար

Իրավաբանական ծառայության անվան տակ կատարվել է խաբեություն․ տղամարդը կալանավորվել է

Հայաստանում բացահայտվել է հերթական խաբեության դեպքը, որի արդյունքում մի շարք քաղաքացիներ դարձել են խոշոր գումարների կորուստի զոհեր։ Պարզվել է, որ «Իրավունք արբիտրաժ» ընկերության տնօրենը, ով նաև համարվում է արբիտր (քաղաքացիական վեճեր լուծող անձ) մարդկանց խաբել է՝ խոստանալով իրենց խնդիրները «լուծել» վճիռներով, սակայն իրականում գումարներ է վերցրել, կեղծ որոշումներ կայացրել, կամ ընդհանրապես ոչինչ չի արել։

Օրինակ՝ մեկ քաղաքացուց վերցրել է ավելի քան 1.2 միլիոն դրամ, խոստանալով օգնել, որ սնանկության գործով արգելանքի տակ գտնվող բնակարանը հանվի արգելանքից։ Փողը վերցրել է, բայց փաստացի արգելադրված գույքի համար վճարել է միայն 183 հազար դրամ, իսկ մնացածը գրպանել։

Մյուս դեպքերում էլ ձևական «դատական նիստեր» է անցկացրել՝ ամուսնալուծության կամ անշարժ գույքի հարցերով, որոնք արբիտրաժը ընդհանրապես իրավասու չէ քննելու։ Այդ կերպ ևս հափշտակել է գումարներ՝ մինչև 1.4 միլիոն դրամ։

Նա նաև ֆեյսբուքում ակտիվ գովազդել է, թե իբր կարող է մարդկանց օգնել վերականգնել վարորդական իրավունքները, ու տասնյակ քաղաքացիներին տրամադրել է ապօրինի «թույլտվություններ»՝ ավտոմեքենա վարելու համար։

Ընդհանուր առմամբ, ապացուցվել է 14 դրվագով խաբեություն և 2 դրվագով խոշոր չափերի յուրացում։ Նրա դեմ քրեական գործն ուղարկվել է հակակոռուպցիոն դատարան, և այժմ նա կալանավորված է։

Սեդա Մարտոյան