ՀայաստանՊատահար

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Արտուշ Գաբրիելյանի խափանման միջոցը փոխվել է։ Այս մասին հայտնել է նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դատավոր Արտուշ Գաբրիելյանը կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել, այնուհետև 2 ամսով կալանավորվել էր։

Խոսքը մի քրեական գործի մասին է, որը կապված է թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ։ Այդ գործը Գաբրիելյանն ստացել է 2011 թվականի մարտին։ Մի քանի ամիս անց նա կասեցրել է գործի վարույթը՝ նշելով, որ մեղադրյալ Զոհրաբ Յեզգատյանը տառապում է քրոնիկ հիվանդությամբ։ Գործը այդպես էլ չի քննվել, մինչև 2023 թվականը։

Ապրիլի 29-ին Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները խուզարկություն էին իրականացրել Արտուշ Գաբրիելյանի աշխատասենյակում։

Խուզարկությունից հետո Հայաստանի գլխավոր դատախազը միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդին՝ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու թույլտվություն ստանալու նպատակով։

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի գործի շրջանակում երկու անձ կալանավորվել է։ Կալանավորված երկու անձանցից մեկը դատավորի օգնականն է, որը մեղադրվում է կաշառքի օժանդակության մեջ, իսկ կալանավորված մյուս անձն, ըստ քրեական գործի, կաշառք տվողն է։

Հիշեցնենք, որ 2025 թվականի հոկտեմբերին ՀՀ դատախազությունը պահանջել էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել անշարժ գույք, տրանսպորտային միջոցներ և գումար։

Ավելացնենք, նաև, որ նա դատավարել է Պեմզաշենի սպանության, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի, գործարար Սամվել Մայրապետյանի, ինչպես նաև «Սասնա Ծռերի» գործերը։