ՀայաստանՊատահար

Ապօրինի գույքի բռնագանձման վարույթ է նախաձեռնվել ԱԱԾ նախկին տնօրեն Կառլոս Պետրոսյանի ընտանիքի նկատմամբ

Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանը սկսել է վարույթ, որը վերաբերում է Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Կառլոս Պետրոսյանի ընտանիքին ու նրա հետ փոխկապակցված անձանց պատկանող գույքին։ Վարույթը նախաձեռնել է ՀՀ գլխավոր դատախազությունը։ Տեղեկությունը հաստատել են Հակակոռուպցիոն դատարանից։

Վարույթով պատասխանողների թվում են Կառլոս Պետրոսյանի դուստրը՝ Աստղիկ Պետրոսյանը, նրա փեսան՝ Նարեկ Ադոնցը, վերջինիս հայրը՝ նախկին փոխարտգործնախարար և Իսպանիայում նախկին դեսպան Ավետ Ադոնցը, ինչպես նաև մի քանի այլ անձինք, որոնք ըստ դատախազության՝ փոխկապակցված են նախկին բարձրաստիճան պաշտոնյայի հետ։

Գործը քննում է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Կարապետ Բադալյանը։

Պետրոսյանը գլխավորել է Ազգային անվտանգության ծառայությունը 2003-ից 2004 թվականներին։ Դրանից առաջ, 1999–2002 թվականներին, եղել է Ազգային անվտանգության նախարար։ Ներկայումս նա հանդիսանում է ռուսական «Տրանսնեֆտ» ընկերության տնօրենի խորհրդական։