ՀայաստանՊատահար

Շենգավիթի համայնքապետարանի երկու պաշտոնյա մեղադրվում են կաշառք վերցնելու մեջ

Ազգային անվտանգության ծառայությունից ստացված տվյալների հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է կաշառքի դեպքեր Շենգավիթ վարչական շրջանում։

Պարզվել է, որ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի երկու պաշտոնյա տարբեր բիզնեսներից՝ սուպերմարկետներից, հյուրանոցներից, գազալցակայաններից, հանրային սննդի կետերից և այլ տնտեսվարողներից կաշառք են վերցրել ապօրինի տեղադրված գովազդային վահանակների վերաբերյալ խախտումները չարձանագրելու և չապամոնտաժելու համար։ Բացի այդ, պաշտոնյաներից մեկը կաշառք է ստացել հյուրանոցային գործունեությամբ զբաղվող անձից՝ չնայած վերջինս չուներ համապատասխան լիցենզիա և չէր վճարել պետական տուրքը։ Դրա դիմաց պաշտոնյան խոստացել է խոչընդոտներ չստեղծել նրա գործունեության համար։

Պաշտոնյաների գործողությունների հետևանքով համայնքի բյուջե չի մուտքագրվել շուրջ 2 միլիոն դրամ։ Քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 13 անձի, այդ թվում՝ պաշտոնյաներին, կաշառք ստանալու, տալու և օժանդակելու համար։ Նախաքննությունն ավարտվել է, և գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան։

Սեդա Մարտոյան