ՀայաստանՊատահար

Խարդախություն բանտից. ավտոմեքենաների կեղծ վաճառքի միջոցով կալանավորները հափշտակել են միլիոնավոր դրամներ

ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ բացահայտվել է հանցավոր խումբ, որի ղեկավարները գտնվել են քրեակատարողական հիմնարկում, բայց կարողացել են խարդախությամբ մեծ գումարներ հափշտակել մի շարք քաղաքացիներից։ Հարց է առաջանում՝ ինչպե՞ս են բանտում գտնվող անձանձ մոտ հայտնվել հեռախոսներ, այն էլ այնպիսիք, որոնք ինտերնետային հասանելիություն ունեն։ Ներքին գործերի նախարարությունից պարբերաբար հայտարարություններ են տարածում այն մասին, որ հայտնաբերվում կալանավայր ապօրինի տեղափոխվող հեռախոսներ։ Սակայն այս դեպքը փաստում է, որ այդ փուլում դեռ բաց կա։

Ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության՝ կալանավորված Վ.Ս.-ն և Մ.Գ.-ն, միասին ստեղծելով հանցավոր կազմակերպություն, համագործակցել են մի խումբ անձանց հետ և խարդախության միջոցով հափշտակել առանձնապես խոշոր չափերի գումար։ Ընդհանուր առմամբ հափշտակվել է 9 միլիոն 115 հազար դրամ և 34 հազար 300 ԱՄՆ դոլար։ Գումարները փոխանցվել են խմբի անդամներից երկուսին՝ Վ.Ս.-ի ցուցումով։

Հանցախմբի գործելաոճը հետևյալն է եղել. Վ.Ս.-ն «List.am» կայքում հրապարակել է շուկայականից էապես ցածր գներով ավտոմեքենաների վաճառքի կեղծ հայտարարություններ։ Գնորդներին համոզել է, իբր նշված ավտոմեքենաները տոկոսով գումարի դիմաց արդեն իսկ գրավադրված են իր հետ նույն շենքում բնակվող անձի մոտ: Այնուհետև,Վ.Ս.-ն գնորդներին հայտնել է Երևանում գտնվող տարբեր հասցեներ և պարզաբանել, որ զբաղվածության պատճառով անձամբ չի կարող ներկայանալ՝ միաժամանակ տեղեկացնելով, որ գումարը կարող են փոխանցել իր ընտանիքի անդամներից մեկին, որից հետո կարող են տեսնել և զննել ավտոմեքենաները:

Դրանից հետո, Վ.Ս.-ի կողմից վարձակալված օրավարձով բնակարաններում հանցավոր խմբի անդամները ընդունել են գնորդներին՝ նրանցից վերցնելով ընդհանուր 9 մլն 115 հզր ՀՀ դրամ և 34 հզր 300 ԱՄՆ դոլար գումար: Հափշտակված գումարը Վ.Ս.-ի պահանջով փոխանցվել է հանցավոր խմբի անդամներից երկուսին:

Վ.Ս.-ի և Մ.Գ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու (Քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի 2-րդ մաս) և խարդախություն կատարելու (255-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ) համար։

Խմբի ևս 6 անդամներ մեղադրվում են հանցավոր կազմակերպությանը մասնակցելու և խարդախություն կատարելու համար, մեկը մեղադրվում է նաև անչափահասին հանցանքի մեջ ներգրավելու համար։

Պատճառված վնասի չափով արգելանք է դրվել երեք անձի շարժական և անշարժ գույքի վրա։