ՀայաստանՊատահար

Զորակոչից խուսափելու և կեղծ փաստաթղթերով արտագաղթ կազմակերպելու դեպքեր են բացահայտվել

Ազգային անվտանգության ծառայության հաղորդմամբ՝ Երևան քաղաքի մի բնակչուհի կազմակերպել է մի շարք զորակոչիկների՝ 2024 թվականի ամառային զորակոչից ազատելու գործընթաց։ Դրա դիմաց նա նրանց ծնողներից ստացել է խոշոր չափերի գումարներ՝ 2.000-ից 3.000 ԱՄՆ դոլար յուրաքանչյուրից։

Նախաքննությամբ պարզվել է, որ բժշկական ստուգումներից հետո զորակոչիկներից երկուսը ճանաչվել են ոչ պիտանի և հաշվառվել պահեստազորում, իսկ մեկը ստացել է 3 տարով տարկետում։

Բացի այդ, նույն անձը զբաղվել է անօրինական միգրացիայի կազմակերպմամբ։ Նա իր ազգականի որդու համար օտարերկրյա պետությունում գտնվելու իրավունք ստանալու նպատակով, կեղծ փաստաթղթեր է ձեռք բերել և ստացել է 1.200 դոլար։

Դեպքի առթիվ կնոջ դեմ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 440-րդ հոդվածի 2-րդ մասով (կաշառքի միջնորդություն) և 470-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (անօրինական միգրացիայի կազմակերպում)։

Հիշեցնենք, որ զորակոչիկներին ծառայությունից կեղծիքով ազատելու վերաբերյալ ևս մեկ քրեական վարույթ էր հարուցվել։

Բժիշկ-ռադիոլոգը կեղծել էր զորակոչի փաստաթուղթը և որոշել, որ նա պիտանի չէ ծառայության։

Սեդա Մարտոյան