ԱշխարհՊատահար

Համացանցում տեղի է ունեցել պատմության մեջ ամենախոշոր տվյալների արտահոսքը

Հունիսի 18-ին համացանցում տեղի է ունեցել աննախադեպ տվյալների արտահոսք։ Ըստ Cybernews հարթակի՝ շուրջ 16 միլիարդ մուտքային տվյալ, այդ թվում՝ օգտատերերի անուններ և գաղտնաբառեր, հայտնվել են բաց հասանելիության մեջ։

Այս մասին հայտնում է նաև Forbes-ը։ Տվյալները կապված են աշխարհի գրեթե բոլոր հայտնի հարթակների հետ՝ Apple, Google, Facebook, Telegram, GitHub, և նույնիսկ պետական կայքերի։ Դրանք հավաքվել են վնասաբեր ծրագրերի միջոցով, որոնք գաղտնի վերցնում են տեղեկատվություն օգտատերերի սարքերից։ Մասնագետները պնդում են, որ սա նոր արտահոսք է, ոչ թե նախորդ դեպքերի կրկնություն։

Արտահոսած ֆայլերից յուրաքանչյուրն իր մեջ պարունակում է տասնյակ միլիոնավոր մուտքային տվյալներ, իսկ ընդհանուր ծավալը հասնում է 16 միլիարդի։ Տեղեկատվությունն արդեն հայտնվել է մութ ցանցում և հասանելի է շատ էժան գնով։

Google-ը հորդորում է օգտատերերին անցնել նոր սերնդի անվտանգության միջոցներին՝ օգտագործելով դեմքը կամ մատնահետքը։ Չպետք է բացել կասկածելի հղումներ, հատկապես՝ SMS-ով ստացված։

Սեդա Մարտոյան