
Իրավապահները խուզարկություն են իրականացնում «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի գլխավոր գրասենյակում
Հուլիսի 8-ի վաղ առավոտյան՝ ժամը 08:00-ի սահմաններում, իրավապահները մուտք են գործել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր գրասենյակ։ Լուրը հաստատել է ՀԷՑ-ի մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանը՝ նշելով, որ աշխատակիցներին թույլ չի տրվում մուտք գործել շենք։
Խուզարկությունը, ըստ փաստաբան Տիգրան Հայրապետյանի, իրականացնում են Քննչական կոմիտեի և ոստիկանության ներկայացուցիչները, որոնք դիմակավորված են։ Նրանց խոսքով՝ խուզարկությունները կսկսեն այն պահին, երբ տեղ հասնի ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը։
ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը նշել է, որ ընկերությունը տեղեկություն չունի, թե կոնկրետ ինչ քրեական գործի շրջանակում են իրականացվում գործողությունները։ Նա հրաժարվել է մեկնաբանել՝ արդյոք տեղի ունեցողն ունի քաղաքական ենթատեքստ։
Քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը Amnews-ին հայտնեց, որ խուզարկություններն իրականացվում են Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում, ինչպես նաև Երևանի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակում։ Այլ մանրամասներ առայժմ չեն հրապարակվում։
Հիշեցնենք՝ ՀԷՑ-ի նկատմամբ իրավապահների հետապնդումները ուժգնացան այն բանից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 18-ին հայտարարեց, որ հասունացել է ընկերության պետականացման պահը։ Դրանից ժամեր անց կալանավորվեց ՀԷՑ-ի սեփականատեր, ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը։
Վարչապետը հայտարարել էր, որ ՀԷՑ-ում աշխատող այն անձինք, որոնք չեն համագործակցում պետության հետ կամ զբաղված են «քաղաքական խարդավանքներով», հուլիսին կազատվեն աշխատանքից։ Հուլիսի 3-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀԷՑ-ի պետականացմանն ուղղված օրենսդրական փաթեթը։
Ընդդիմադիր քաղաքական ուժերը հայտարարում են, որ տեղի ունեցողը քաղաքական հետապնդում է Սամվել Կարապետյանի նկատմամբ։ Իշխանությունները, սակայն, հակադարձում են՝ ընդգծելով, որ գործընթացը սկսվել է մինչև գործարարի հայտարարությունները։
ՔԿ-ն խոստացել է առաջիկայում հանդես գալ պաշտոնական հայտարարությամբ։