
Գագիկ Ծառուկյանը հրավիրվել է Հակակոռուպցիոն կոմիտե
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հրավիրվել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ հարցաքննության։ Amnews.am-ը փորձեց պարզել, թե կոնկրետ որ գործի շրջանակներում է հրավերը կատարվել, սակայն կոմիտեից հրաժարվեցին մեկնաբանել։
Ծառուկյանի անունը վերջին տարիներին տարբեր քրեական գործերի շրջանակում բազմիցս շրջանառվել է։ Հատկապես հիշատակելի է 2020 թվականի հունիսին Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) կողմից հրապարակված հաղորդագրությունը, համաձայն որի՝ Ծառուկյանը կասկածվում էր ապօրինի ձեռնարկատիրության, ընտրություններին մասնակցելու իրավունքը խոչընդոտելու, ինչպես նաև կաշառք տալու և ստանալու դեպքերի մեջ։
2020-ի գործի շրջանակում իրականացվել էին խուզարկություններ, այդ թվում՝ Ծառուկյանին պատկանող կազմակերպություններում։ Նա անցնում էր որպես մեղադրյալ, սակայն գործը, որը հասել էր դատարան, հետագայում կարճվել էր՝ վաղեմության ժամկետի լրանալու հիմքով։
Բացի այդ, տարբեր ժամանակահատվածներում Ծառուկյանի անունը հայտնվել է նաև ֆինանսական չարաշահումների և հարկային իրավախախտումների հետ կապված հրապարակումներում, սակայն այդ փաստերով քրեական հետապնդում չի իրականացվել։
Նշենք, որ այս պահին պաշտոնապես չի հաղորդվում՝ արդյոք Ծառուկյանը ներգրավված է որպես վկա, կասկածյալ, թե որևէ այլ կարգավիճակով։ Հակակոռուպցիոն կոմիտեն դեռևս որևէ պաշտոնական հայտարարություն չի տարածել։