ՀայաստանՊատահար

Ծաղիկների արտահանման խնդրի պատճառով տնտեսվարողները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի մոտ

Այսօր՝ հուլիսի 9-ին, կառավարության շենքի դիմաց մի խումբ տնտեսվարողներ բողոքի ակցիա են իրականացրել՝ բարձրաձայնելով ծաղիկների արտահանման գործընթացում առաջացած դժվարությունների մասին։

Ակցիայի մասնակիցների խոսքով՝ իրենք չեն կարողանում արտահանում իրականացնել, քանի որ չեն ստանում անհրաժեշտ թույլտվությունները։ Տնտեսվարողներից մեկն ընդգծեց, որ դիմել են նաև վարչապետի աշխատակազմ՝ համապատասխան հարցով, սակայն պատասխանը կստանան միայն մեկ ամիս անց, ինչը նրանց խոսքով անընդունելի է, քանի որ ծաղիկներն այդ ժամանակ այլևս պիտանի չեն լինի արտահանման համար։

Տնտեսվարողները նշում են, որ տեսչական մարմիններից որևէ հստակ պարզաբանում չեն ստանում՝ ինչու է արտահանման գործընթացը խափանվել։ Բացի այդ, որոշ տնտեսվարողներ արդեն իրականացրել են մինչև 50 միլիոն դրամի ներդրումներ ծաղկամշակման ոլորտում, սակայն այժմ կանգնած են ֆինանսական վնասների և բիզնեսի կորստի վտանգի առաջ։

Սեդա Մարտոյան