
Վարչական ղեկավարը կեղծ տեղեկանքներով երկու քաղաքացու ազատել է վարժական հավաքից. գործը դատարանում է
Գեղարքունիքի մարզում վարչական ղեկավարը կեղծ տեղեկանքների միջոցով օգնել է երկու քաղաքացու խուսափել Պաշտպանության նախարարության կազմակերպած 25-օրյա վարժական հավաքներից։ Դեպքի առթիվ քրեական գործը փոխանցվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան։
Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, որ 2025 թվականի մարտի 18-ից ապրիլի 11-ն ընկած ժամանակահատվածում անցկացվող հավաքից իր ազգակցին ազատելու նպատակով համայնքի վարչական ղեկավարը 2025 թվականի փետրվարի 11-ին ստորագրել է կեղծ տեղեկանք, որով նշվել է, թե իբր այդ անձը գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում։ Իրականում նա եղել է Հայաստանում։
Նույն ձևով ղեկավարը կազմել և ՊՆ ներկայացրել է ևս մեկ կեղծ տեղեկանք մեկ այլ քաղաքացու համար։ Երկու դեպքում էլ փաստաթղթերը փոխանցվել են զինվորական կոմիսարիատի աշխատակցին և դրանով դրվել են պաշտոնական շրջանառության մեջ։ Արդյունքում երկու քաղաքացիներն էլ չեն մասնակցել վարժական հավաքներին։
Վարչական ղեկավարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծ փաստաթղթի կազմում և օգտագործում)։
Քաղաքացիների գործողությունների փաստով հարուցվել է նաև քրեական վարույթ՝ քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածի 1-ին մասով և 46-462-րդ հոդվածի 1-ին մասով։
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։