
Ո՞վ է փորձում թաքցնել սպանությունը․ Վաղարշապատում տեղի ունեցածը կապված է նախկին ղեկավար Դիանա Գասպարյանի հետ
Արմավիրի մարզում տեղի ունեցած աղմկահարույց սպանությունը նոր շրջադարձ է ստացել։ Քննչական կոմիտեն հայտնել է, որ սպանությունից հետո գազալցակայանի երկու աշխատակից հանցագործությունը քողարկել են՝ փորձելով մաքրել արյան հետքերն ու թաքցնել ապացույցները։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ գազալցակայանի հերթափոխի պետը գազալիցքավորողին հրահանգել է լվանալ տարածքում թափված արյունը, հավաքել և զուգարանակոնքը նետել կրակոցների հետևանքով գետնին մնացած պարկուճները։ Այս գործողությունները, ըստ ՔԿ-ի, արվել են սպանության մեջ կասկածվող անձի՝ Կարեն Բադալյանի՝ նույն ինքը՝ «ՃԱՊ»-ի մեղսագրումը դժվարացնելու նպատակով։
Քննչական կոմիտեն այս պահին անուններ չի նշում, սակայն հաղորդագրության տվյալները համադրելով՝ պարզ է դառնում, որ խոսքը Վաղարշապատի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի ամուսնուն պատկանող գազալցակայանի մասին է։
Մարտի 22-ին հայտնի դարձավ, որ Վաղարշապատում գտնվող գազալցակայանում կրակոց է հնչել։ Մահացել էր 36-ամյա տղամարդ։ Սպանության գործով իրավապահները փնտրում են Արմավիրում «ՃԱՊ» մականունով հայտնի 33-ամյա Կարեն Բադալյանին (ՔԿ-ում նշվում է՝ Կ.Բ.)։ Դրանից հետո Դիանա Գասպարյանի տանը խուզարկություն է իրականացվել։ Մայիսի կեսերին Գասպարյանը հայտարարեց իր հրաժարականի մասին, և այդ փուլում մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ նրա ամուսինը կարող է ձերբակալվել։
Այսօր արդեն պարզ է, որ սպանության փաստով հարուցված քրեական գործի շրջանակում երկու անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում՝ հանցանք կատարածին աջակցելու համար։ Հանրային ուշադրությունը կենտրոնանում է նաև Դիանա Գասպարյանի ընտանիքի վրա, որը նախկինում էլ բազմիցս հայտնվել է սկանդալների կենտրոնում։ Գասպարյանի սկեսրայրը՝ Աշոտ Միրզոյանը, 2023-ին մեղադրվում էր ապօրինի շինարարության մեջ։ Վաղարշապատի համայնքապետ եղած ժամանակ Գասպարյանը 13.6 մլն դրամի պայմանագիր էր կնքել հենց իր սկեսրայրի հետ։ Այս գործով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարչական վարույթ էր հարուցել։