ՀայաստանՊատահար

Բացահայտվել է համակարգչային հափշտակություններով զբաղվող հանցավոր կազմակերպության գործունեությունը

Երևանում՝ Գարեգին Նժդեհի փողոցում, ամիսներ շարունակ գործել է հանցավոր կազմակերպություն, որի անդամները համակարգչային հափշտակություններով են զբաղվել։ Նրանք թիրախավորել են հատկապես արտերկրի քաղաքացիներին։ Նրանց գործունեությունը վերջապես բացահայտվել է՝ ամիսներ տևած գաղտնի դիտարկումներից հետո։

Ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ Քրեական ոստիկանությունն ու Քննչական կոմիտեն իրականացրել են հատուկ գործողություն, որի ժամանակ հայտնաբերվել են համակարգիչներ, հեռախոսներ և այլ տեխնիկա՝ կեղծ անուններով գործող անձանց թվային գործունեության բոլոր հետքերով։

Խմբի գործողության սխեման հետևյալն էր․ մասնակիցները համացանցի միջոցով կապ էին հաստատում արտերկրում բնակվող անձանց հետ, ներկայանում տարբեր անուններով և առաջարկում ներդրում կատարել իրենց կողմից ստեղծված կրիպտոարժույթների հարթակներում։ Ներդրումների դիմաց խոստնում էին արագ և բարձր եկամտաբերություն։ Հետագայում, երբ տուժողները կորցնում էին իրենց միջոցները, հանցավոր խմբի անդամները կրկին կապ էին հաստատում նրանց հետ՝ այս անգամ որպես «քննչական ծառայություններ» ներկայացնող անձինք՝ առաջարկելով օգնել վերադարձնել կորցրած գումարները։ Դրա դիմաց պահանջվել էին լրացուցիչ վճարներ՝ տարբեր պատրվակներով։

Իրավապահների հաղորդմամբ՝ խմբի անդամները գործել են նախապես մշակված հստակ կանոններով, իսկ օգտագործվող համակարգչային տեխնիկան հագեցած է եղել՝ հնարավոր վկայությունները անհապաղ վերացնելու գործառույթներով։ Սակայն իրականացված խուզարկությունների արդյունքում հնարավոր է եղել կանխել ապացույցների ոչնչացումը և առգրավել համապատասխան նյութերը։

Հավաքված փաստական տվյալների հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել մի շարք անձանց նկատմամբ՝ հանցավոր կազմակերպություն ստեղծելու, այն ղեկավարելու և առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն կատարելու հատկանիշներով։

Սեդա Մարտոյան