ՀայաստանՊատահար

8 ամսական երեխայի մայրը՝ ճաղերի հետևում. արդարությո՞ւն, թե՞ անմարդկային վերաբերմունք 

Լիանա Հարությունյանը երեք անչափահաս երեխաների մայր է։ Նրա կրտսերը՝ ընդամենը 8 ամսական է։ Բայց արդեն մի քանի օր է՝ այդ փոքրիկը իր կյանքի օրերն անցկացնում է բանտախցում։

Դատարանի որոշմամբ 36-ամյա կինը կալանավորվել է 3 ամսով՝ մի գործի շրջանակում, որտեղ նրան մեղադրում են օժանդակության մեջ՝ օտարերկրացիների անօրինական միգրացիայի կազմակերպմանը։ Սակայն այս գործում մեծ աղմուկ է բարձրացրել ոչ թե իրավական մանրամասները, այլ՝ այդ ընթացքում նրա և նրա մանկահասակ երեխայի նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքը։

Հուլիսի 11-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արշակ Մաթևոսյանի նախագահությամբ, որոշեց փոխել Լիանա Հարությունյանի խափանման միջոցը՝ նրան կալանավորելով։ Այս որոշումը ընդունվեց անմիջապես դատական դահլիճում, և Լիանան՝ իր 8 ամսական Ջուլիայի հետ, տեղափոխվեց «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ։

Հուլիսի 13-ին նրա պաշտպան Զարուհի Փոստանջյանը ահազանգեց, որ խցում չկան ամենապարզ պայմաններ անգամ երեխայի հիգիենայի պահպանման համար։ Փոստանջյանի խոսքով՝ երեխան փորլուծություն ունի, մաշկը ախտահարվել է, իսկ խուցը չունի տաք ջուր՝ մաքրման համար։ Նա նշեց, որ մայրն ու երեխան գտնվում են մի միջավայրում, որը «բացարձակ պիտանի չէ ութ ամսական երեխայի կեցության համար»։

Քրեակատարողական ծառայությունը հերքեց այս պնդումները՝ հայտարարելով, թե պայմանները բավարար են։ Սակայն դրանից որոշ ժամանակ անց Լիանա Հարությունյանն ու փոքրիկը տեղափոխվեցին հիվանդանոց։

Քրեական գործի և դրա հիման վրա կայացված խափանման միջոցի նկատմամբ հարցեր են բարձրացրել նաև Ազգային ժողովի մի շաէք պատգամավորներ։ Նրանք դատարանին ներկայացրել են երաշխավորագրեր, որոնցով խնդրում են վերանայել կալանքի որոշումը և կիրառել ավելի մեղմ՝ այլընտրանքային խափանման միջոց։

Երաշխավորագրերն ուղղվել են ինչպես գործը քննելու առաջին ատյանի դատավորին, այնպես էլ Վերաքննիչ դատարանին։

Ըստ մեղադրանքի՝ Լիանա Հարությունյանը «օժանդակել է» «Անանիա Շիրակացի» համալսարանի ռեկտոր Վաղարշակ Մադոյանին և պրոռեկտոր Դավիթ Մադոյանին՝ Հնդկաստանի 16 քաղաքացիների միգրացիոն գործընթացում օրենքը շրջանցելու հարցում։ Հակառակ կողմը մեղադրանքը չի ընդունում և պնդում է՝ կինը պարզապես տեխնիկական աշխատող է եղել։