ՀայաստանՊատահար

Էկոպարեկը կաշառքի դիմաց թաքցրել է ապօրինի ծառահատման դեպքը

Տավուշի մարզում Շրջակա միջավայրի նախարարության աշխատակիցը կաշառք է ստացել՝ թույլ տալով ապօրինի ծառահատում։ Նա նախապես իմացել է, որ տեղի բնակիչը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Իջևանի անտառտնտեսության տարածքից ծառեր է հատում, սակայն ոչ միայն չի կանխել գործողությունը, այլև չի արձանագրել իրավախախտումը։ 

2025 թվականի ապրիլի 9-ին էկոպարեկը կաշառք է վերցրել՝ աչք փակելով ապօրինության վրա։

Էկոպարեկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ կաշառք ստանալու համար։ Նրա նկատմամբ կիրառվել են միաժամանակ երեք խափանման միջոց՝ վարչական հսկողություն, մեկ միլիոն դրամ գրավ և ՀՀ-ից դուրս գալու արգելք։

Իսկ նրան կաշառք տված Տավուշի մարզի բնակչին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ կաշառք տալու համար։

Երկուսն էլ խոստովանել են մեղքը և տվել են խոստովանական ցուցմունքներ։ Նախաքննությունն ավարտվել է, և գործն արդեն ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան։

Սեդա Մարտոյան