
Կասեցվել է «Գոռ» սգո սրահի խոհանոցի արտադրական գործունեությունը
Երևանի Սիլիկյան խճուղում գտնվող «Գոռ» սգո սրահի խոհանոցը ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը։ Պատճառը սննդի անվտանգության ոլորտում արձանագրված խախտումներն են, որոնք բացահայտվել են ստուգման ընթացքում։
Պարզվել է, որ խոհանոցը չի համապատասխանում մի շարք հիգիենիկ նորմերի։ Մասնավորապես՝ առաստաղները ապահովված չեն եղել կեղտի կուտակումից և մասնիկների թափվելուց, աշխատանքային մակերևույթների մի մասը եղել է վնասված, մաքրումը և ախտահանումը հնարավոր չի եղել հեշտ իրականացնել։ Խոհանոցում չի եղել հանդերձարան անձնակազմի համար, իսկ պատուհանները՝ առանց միջատապաշտպան ցանցերի։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է։ Սահմանվել է ժամկետ՝ խախտումները վերացնելու համար։ Աշխատանքը կարող է վերսկսվել միայն սանիտարական պայմանների լիարժեք վերականգնումից հետո։
Խոհանոցը պատկանում է անհատ ձեռնարկատեր Ատոմ Բաբաջանյանին։