ՀայաստանՊատահար

Կինը երեխաների հետ փողոցը անցել է ոչ թույլատրելի վայրով․ նա հրավիրվել է ոստիկանություն

Օրերս սոցիալական ցանցերում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես է Նոր Նորքի Բորյան փողոցում մի կին երեխաների հետ հատում փողոցը՝ չթույլատրված հատվածով։ Տեսանյութում արձանագրված է, որ երեխաներից մեկը հայտնվում է հանդիպակաց ուղղությամբ շարժվող մեքենայի դիմաց, ինչը ստիպում է վարորդին կտրուկ արգելակել։

Տեղեկությունը ստուգելուց հետո Նոր Նորքի բաժնի համայնքային ոստիկանները պարզել են կնոջ ինքնությունը։ 61-ամյա կինը հրավիրվել է բաժին, և նրա նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։

Վերջին նման դեպքը գրանցվել էր այս տարվա ապրիլին։ Սոցցանցերում կրկին տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, թե ինչպես են աշակերտները ուսուցչուհու ուղեկցությամբ հատում փողոցը չթույլատրված հատվածով։

Հիշեցնենք, որ փողոցը չնախատեսված հատվածով անցնելու համար ոստիկանությունը քաղաքացիներին տուգանում է 5,000 դրամով: