
Կասեցվել է Էջմիածնում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացրել Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում գործող կաթնամթերքի արտադրամասում, որն աշխատում էր անհատ ձեռնարկատեր Սուրիկ Զարբաբյանի անունով։
Ստուգումների արդյունքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ լուրջ խախտումներ, ինչի արդյունքում արտադրամասի գործունեությունը ժամանակավորապես կասեցվել է։
Հայտնաբերված խախտումները հիմնականում կապված էին սանիտարահիգիենիկ պայմանների խիստ անտեսման հետ։ Արտադրական տարածքի հատակներն ու պատերը եղել են վնասված և պատրաստված չեն եղել այնպիսի նյութերից, որոնք հնարավոր է հեշտությամբ մաքրել կամ որոնք կհամապատասխանեին սանիտարական նորմերին։ Առաստաղի մակերևույթի վրա կուտակված են եղել բորբոս և կեղտ, ինչը ևս լուրջ վտանգ է ներկայացնում սննդամթերքի անվտանգության տեսանկյունից։
Բացի այդ, դռները պատրաստված են եղել ներծծվող նյութերից և ունեցել են անհարթ մակերես, ինչը խոչընդոտում է պատշաճ մաքրման գործընթացը։
Ավելին, այն սարքավորումներն ու գործիքները, որոնք անմիջական շփման մեջ են գտնվում սննդամթերքի հետ, ոչ միայն չեն համապատասխանել հիգիենիկ պահանջներին, այլև պահվել են անմխիթար վիճակում՝ հավելյալ ռիսկեր ստեղծելով արտադրության համար։
Սահմանվել է ժամանակահատված՝ թերությունները շտկելու համար։