
Բացահայտվել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանությունը
Քննչական կոմիտեն հայտարարել է, որ բացահայտվել է պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանությունը, որը տեղի է ունեցել 1998 թվականի դեկտեմբերի 10-ին։ Քրեական վարույթի նախաքննության շրջանակում պարզվել է, որ սպանությունն իրականացվել է երեք անձի կողմից՝ Ս.Ա.-ի կազմակերպմամբ և համակատարմամբ, շահադիտական դրդումներով։
Քննչական կոմիտեի տվյալներով՝ Ս.Ա.-ն, լինելով զինծառայող, դեռ 1998 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին պայմանավորվել է Լեռնային Ղարաբաղի բնակիչներ Հ.Ն.-ի և Ա.Ա.-ի հետ՝ Խորխոռունու սպանությունը կազմակերպելու նպատակով։ Ա.Ա.-ին խոստացվել է 15.000, իսկ Հ.Ն.-ին՝ 10.000 ԱՄՆ դոլար։ Սպանության համար Ս.Ա.-ն ձեռք է բերել «Մակարով» տեսակի ատրճանակ, խլացուցիչ և փամփուշտներ, որոնք ինքնաշեն եղանակով վերամշակվել են՝ կրակոցի ձայնը նվազեցնելու նպատակով։
Հանցավոր խմբի անդամները Երևան են ժամանել դեպքից մի քանի օր առաջ։ Ս.Ա.-ն շինության մուտքի մոտ ցույց է տվել այն վայրը, որտեղ բնակվել է Խորխոռունին։ 1998 թվականի դեկտեմբերի 10-ին՝ մոտ կեսգիշերին, երբ վերջինս վերադարձել է տուն, Ս.Ա.-ն և Ա.Ա.-ն նրան սպանել են շենքի մուտքում՝ արձակելով հինգ կրակոց։ Երեքը դիպել են դեմքին, երկուսը՝ կրծքավանդակի թիկնային հատվածին։ Խորխոռունին մահացել է տեղում, իսկ հանցագործության մասնակիցները հեռացել են դեպքի վայրից։
Քննչական կոմիտեն հայտնում է, որ նախաքննության ընթացքում ձեռք են բերվել բավարար ապացույցներ, և Ս.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ սպանություն շահադիտական դրդումներով կատարելու և ապօրինի զենք ձեռք բերելու ու պահելու համար։ Վերջինս ձերբակալվել է։