ՀայաստանՊատահար

«Ահաբեկչության նախապատրաստման» գործով կալանավորված 18-ամյա երիտասարդի առողջական վիճակը վատացել է

18-ամյա Անդրանիկ Չամիչյանը, ով մի քանի օր առաջ կալանավորվեց ահաբեկչություն նախապատրաստելու մեղադրանքով, գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։ Նրա առողջական վիճակը վատթարացել է։ Սրա մասին տեսաուղերձով ահազանգել է Չամիչյանի պաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Ըստ փաստաբանի՝ երիտասարդը տառապում է սրտի լուրջ հիվանդությամբ։ Դրա պատճառով նա նախկինում տարկետում է ստացել բանակից։ Մելիքյանը շեշտում է՝ նման խնդիր ունեցող մարդկանց հանդեպ հատուկ բժշկական վերահսկողություն է անհրաժեշտ։ Մելիքյանն արդեն դիմել է ՔԿՀ ղեկավարությանը և համապատասխան բուժհաստատություններին՝ երիտասարդի առողջական վիճակը անհապաղ ստուգելու պահանջով։

Նշենք, որ Անդրանիկ Չամիչյանը կալանավորվեց հուլիսի 11-ին՝ «Սթրայքբոլի գործով» ձերբակալված յոթ անձանց թվում։ Իրավապահները խուզարկություններ էին իրականացրել դաշնակցական գործիչների տներում։ Ձերբակալվածների փաստաբաններին սկզբում արգելվել էր հանդիպել վստահորդներին. նրանք պնդում են, որ գործը բացարձակ անօրինական է։