ՀայաստանՊատահար

Արմավիրի մի շարք համայնքներ ջրազրկվել են՝ խողովակաշարի վթարի պատճառով

Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում՝ Օշական, Ոսկեհատ, Ոսկեվազ գյուղերում, ինչպես նաև Էջմիածին քաղաքում և հարակից գյուղերում ջրամատակարարման խափանումներ են գրանցվել։ Այս մասին տեղեկացնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը։ Վերջինս կդիմի իրավապահ մարմիններին՝ ապօրինի գործողություն կատարած անձանց հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու նպատակով։

Ընկերության հաղորդմամբ՝ վթարը տեղի է ունեցել Էջմիածին-Ոսկեվազ-Օշական-Ոսկեհատ գծի 500 մմ տրամագծով թուջե ջրատարում։ Նախնական տվյալներով՝ անհայտ անձինք փորձել են միջամտել բաժանարար փականային հանգույցի աշխատանքին՝ ջրի ուղղությունը փոխելով և օգտագործելով այն ոռոգման նպատակով։ Այդ գործողությունների հետևանքով խողովակաշարի ճնշումը բարձրացել է, առաջացնելով վթար 6-7 հատվածում։ Ըստ հաշվարկների՝ տեղի է ունենում վայրկյանում մոտ 40 լիտր ջրի կորուստ։

Վթարը վերացնելու աշխատանքներ են իրականացվում։