
800․000 դրամ և 10․000 դոլար կաշառք ՆԳՆ և ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ
ՀՀ ՆԳՆ և ՊԵԿ պաշտոնատար անձանց ներգրավմամբ իրականացված կաշառակերության դեպքեր են բացահայտվել։ Պարզվել է, որ ինչպես ՆԳՆ Արտաշատի հաշվառման-քննական բաժանմունքի, այնպես էլ ՊԵԿ-ի հարկային ստուգումների վարչության պաշտոնյաներն իրենց ծառայողական դիրքը օգտագործել են անձնական շահի համար՝ պահանջելով և ստանալով խոշոր չափերի կաշառք։
Մասնավորապես, ՆԳՆ-ի պաշտոնատար անձը 2025 թվականի հունվարից ապրիլ ամիսներին տարբեր անձանցից գումարներ է ստացել՝ ձևական գործնական քննություն կազմակերպելու և դրական գնահատականներ նշանակելու պայմանով։ Կաշառքների չափը կազմել է 180․000, 250․000 և 350․000 դրամ։ Արդյունքում, քաղաքացիները ստացել են վարորդական վկայականներ՝ հավելյալ B, BE և CE կարգերով՝ առանց փաստացի քննություն հանձնելու։ Գումարները փոխանցվել են միջնորդների միջոցով։
Բացի այդ, նույն գործի շրջանակում բացահայտվել է, որ ՊԵԿ գլխավոր հարկային տեսուչը, երկու այլ տեսուչների հետ միասին, 2024 թվականի սեպտեմբերից մինչև 2025 թվականի փետրվարն իրականացրել է համալիր ստուգում մի ընկերությունում, որը պատկանել է ՆԳՆ պաշտոնյայի կաշառակերության գործընթացին օժանդակած անձանցից մեկին։ Ստուգման ընթացքում ՊԵԿ տեսուչը պայմանավորվել է, որ առաջիկա երեք տարիներին նույն ընկերությունում ստուգումներ չեն իրականացվի, եթե վերջինս համաձայնի վճարել 4 մլն դրամ կաշառք և ամբողջությամբ կատարի 6 մլն դրամի չվճարված հարկային պարտավորությունները։ 2025 թվականի փետրվարի 17-ին հարկային տեսուչը անձամբ ստացել է 10․000 դոլար։
Կաշառք ստանալու, տալու, ինչպես նաև դրանց օժանդակելու համար մեղադրանքներ են առաջադրվել 11 անձի՝ ներառյալ ՆԳՆ պաշտոնատարին և ՊԵԿ գլխավոր հարկային տեսուչին։ Երեք մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը։ Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, գործի նյութերն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան։