ՀայաստանՊատահար

Երասխահունի դպրոցի տնօրենը շուրջ 3 միլիոն դրամ է հափշտակել

Երասխահունի միջնակարգ դպրոցի տնօրենը 2023–2025 թվականների ընթացքում հափշտակել է շուրջ 3 մլն դրամ պետական միջոցներ, ձևացնելով, թե մի քանի անձ աշխատել են դպրոցում, մինչդեռ նրանք իրականում աշխատանքի չեն հաճախել։

Ըստ նախաքննության՝ տնօրենը պաշտոնեական կեղծիքներ կատարելով՝ ծանոթներին նշանակել է վերանորոգողի, պահակի և հավաքարարի հաստիքներին, սակայն վերջիններս աշխատանքի չեն գնացել։ Տնօրենը կազմել և ստորագրել է կեղծ հաշվարկային տեղեկագրեր, ըստ որոնց նրանք իբր աշխատել են, ինչի հիմքով էլ ստացվել է աշխատավարձ՝ ընդհանուր շուրջ 3 մլն դրամի չափով։

Տնօրենին մեղադրանք է ներկայացվել խոշոր չափերով հափշտակության և պաշտոնեական կեղծիքի համար։ 

Նա ժամանակավորապես հեռացվել է պաշտոնից և նրան արգելվել է դուրս գալ Հայաստանից։

Մեղադրանք է առաջադրվել նաև նրա հետ համագործակցած երեք անձի։

Նշվում է, որ նախաքննության ընթացքում տնօրենը վերականգնել է ամբողջ վնասը։ Քրեական գործն արդեն ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան։

Սեդա Մարտոյան