
80 միլիոն ռուբլու ավազակության փորձ Վանաձորի բանկում. հանցագործը կալանավորվել է
Վանաձորում կանխվել է առանձնապես խոշոր չափերի ավազակություն։ 33-ամյա տղամարդը հուլիսի 15-ին փորձել է գողանալ 80 միլիոն ռուբլի բանկի մասնաճյուղից։
Հարձակվողն օգտագործել է արցունքաբեր գազ և փախուստի դիմել, բայց մի քանի օր անց հայտնաբերվել է։
ՆԳՆ ոստիկանությունը հայտնում է, որ ժամը 16։27-ին ահազանգ է ստացվել Վանաձորի բանկերից մեկում կատարված հարձակումից։ Դրանից առաջ՝ 15։50-ի սահմաններում, տղամարդը մտել էր մասնաճյուղ, բարձրացել երկրորդ հարկ, մուտք գործել աշխատակիցներից մեկի տարածք և հափշտակել ինկասացիայի համար նախատեսված՝ կապարակնքված պարկ, որի մեջ եղել է 80 միլիոն ռուբլի։
Հետապնդման ընթացքում հարձակվողը կիրառել է արցունքաբեր գազ, սակայն պահնորդը և նրան օգնող քաղաքացու ջանքերով պարկը վերադարձվել է բանկ։ Տղամարդը փախուստի է դիմել «Մերսեդես» մակնիշի մեքենայով։
Հուլիսի 21-ին Վանաձորում հայտնաբերվել է նրա մեքենան։
Խուզարկությամբ հայտնաբերվել են արցունքաբեր գազի բալոն և գազային ատրճանակ՝ հինգ փամփուշտով։
Հուլիսի 23-ին տղամարդը ինքնակամ ներկայացել է ոստիկանություն։
Նա ձերբակալվել է, իսկ հաջորդ օրը դատարանը որոշել է որպես խափանման միջոց կիրառել տնային կալանք։ Նախաքննությունը շարունակվում է։