
Դատարանը մեղմել է 590 000 դոլարի հափշտակության գործով կալանավորված պաշտոնյայի խափանման միջոցը
Քննչական կոմիտեի նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձը՝ Գոռ Թադևոսյանը, ով մեղադրվում է շուրջ 590 000 ԱՄՆ դոլար հափշտակելու մեջ, ազատ է արձակվել կալանքից։
Դատարանը նրա նկատմամբ ընտրել է տնային կալանք։
Տեղեկությունը հաստատել է ՀՀ դատախազությունը՝ նշելով, որ դատական ակտի ստացումից հետո կքննարկեն վերաքննիչ բողոք ներկայացնելու հնարավորությունը։
Հիշեցնենք, որ Գոռ Թադևոսյանը նախկինում եղել է Քննչական կոմիտեի հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություններից մեկի պետի պաշտոնակատար։ Քրեական վարույթը սկսվել էր ՔԿ համապատասխան ստորաբաժանումում տեղի ունեցած 590 000 դոլար գումարի հափշտակության գործով, որի շրջանակում 2 անձ արդեն կալանավորվել է։
Ըստ պաշտոնական տվյալների՝ հափշտակված գումարից վերականգնվել է միայն 11 200 դոլարը։ Մնացած մասը դեռևս անհայտ է։
Գործի վերաբերյալ նախաքննությունը շարունակվում է։