ՀայաստանՊատահար

Հյուրանոցը չեղարկել է զբոսաշրջիկների ամրագրումները և չի վերադարձրել գումարները

Հայաստան ժամանած զբոսաշրջիկների՝ նախապես վճարված հյուրանոցի ամրագրումները չեղարկվել են, իսկ գումարները չեն վերադարձվել։ Այս փաստով վարույթ է հարուցվել Երևանի «New Nairi Hotel» հյուրանոցի նկատմամբ։

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը (ՄՍՇՊՀ) հայտարարում է, որ «Բոմո Նաիրի» ընկերության վարքագիծը կարող է համարվել սպառողների իրավունքների խախտում։

Հանձնաժողովի փոխանցմամբ՝ որոշման հիմք են դարձել «Արարատ Նյուզ» և «Արմլուր» լրատվամիջոցներում հրապարակված նյութերը։ Դրանց համաձայն՝ «New Nairi Hotel»-ը չեղարկել է մի խումբ զբոսաշրջիկների ամրագրումները, որոնք Հայաստան էին ժամանել Ջենիֆեր Լոպեսի համերգին մասնակցելու համար։

Թեև ամրագրումները նախապես հաստատվել ու վճարվել են, հյուրանոցը հրաժարվել է տեղավորել այցելուներին՝ պատճառաբանելով, թե ազատ սենյակներ չկան և որ այդ ամրագրումներն իրենց հետ կապ չունեն։ Միևնույն ժամանակ զբոսաշրջիկներին առաջարկվել են այլընտրանքային սենյակներ՝ զգալիորեն բարձր գնով։

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի գնահատմամբ՝ սպառողների գումարները չվերադարձնելը, ամրագրումները միակողմանի չեղարկելն ու բարձր գնով նոր սենյակներ առաջարկելը կարող են դիտարկվել որպես սպառողների շահերը խախտող վարքագիծ։

Սեդա Մարտոյան