ՀայաստանՊատահար

Բարձրագույն դատական խորհրդի նախագահը դատապարտվեց ազատազրկման

Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին ղեկավար Ռուբեն Վարդազարյանը մեղավոր է ճանաչվել։ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, այսօր հրապարակեց վճիռը՝ Վարդազարյանին դատապարտելով 1 տարի 6 ամիս ազատազրկման։ Բացի այդ, նա 2 տարի ժամկետով զրկվել է պետական պաշտոն զբաղեցնելու իրավունքից։

Վարդազարյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, օգտվելով իր պաշտոնեական դիրքից, խոչընդոտել է արդարադատության իրականացումը։ Նրան մեղադրանք էր ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասով։

Գործի քննությունը սկսվել էր դեռ 2021 թվականի սեպտեմբերին, սակայն երկար ժամանակ այն մնացել էր նախապատրաստական փուլում։ Սկզբում գործը գտնվում էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, սակայն հետո՝ դատավոր Մանվել Շահվերդյանի որոշմամբ, այն փոխանցվել էր Հակակոռուպցիոն դատարան։

Հիշեցնենք, որ 2025 թվականի մարտի 18-ին սպասվում էր դատարանի վճռի հրապարակումը, սակայն այն հետաձգվեց՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանին վկայի կարգավիճակով հարցաքննելու անհրաժեշտությամբ։ Հենց նրա հաղորդման հիման վրա էլ Վարդազարյանի դեմ քրեական գործ էր հարուցվել՝ առանց վերջինիս անձեռնմխելիության վերացման։

Սեդա Մարտոյան