ՀայաստանՊատահար

Վեճը Հրազդանում ավարտվել է դանակահարությամբ․ կան զոհ և վիրավորներ

Այս գիշեր Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում տեղի ունեցած վեճը ողբերգական ավարտ է ունեցել։

Ժամը մոտ 02:30-ին 32-ամյա Արմեն Մ.-ն (Կոտայքի մարզի բնակիչ) և 40-ամյա Սևակ Ե.-ն (Երևանի բնակիչ) գնացել են Հրազդանի Կենտրոն թաղամասում գործող «Մանուշակ» մարկետ՝ 51-ամյա Գրիգոր Չ.-ի մոտ։ Խանութում այդ պահին եղել են նաև 27-ամյա Գագիկ Ս.-ն, 28-ամյա Հենրիկ Ա.-ն և 55-ամյա Միսակ Հ.-ն։

Ըստ նախնական տվյալների՝ անձնական հարցի շուրջ սկսված զրույցը վերածվել է վիճաբանության Արմեն Մ.-ի և Հենրիկ Ա.-ի միջև։ Քիչ անց այն դարձել է ծեծկռտուք, որի ընթացքում նրանք փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց։ Մյուս ներկաները փորձել են նրանց բաժանել և դուրս բերել խանութից, սակայն վեճը շարունակվել է դրսում։

Դրսում Հենրիկ Ա.-ն, իր մոտ եղած դանակով, հարվածներ է հասցրել Գագիկ Ս.-ին, Արմեն Մ.-ին և Սևակ Ե.-ին։ Վիրավորները տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղ Արմեն Մ.-ն, գիտակցության չգալով, մահացել է։

Կասկածյալ Հենրիկ Ա.-ն իրավապահների հետ բանակցություններից հետո ինքնակամ ներկայացել է ոստիկանություն, ապա տեղափոխվել քննչական բաժին։ Նա ձերբակալվել է և խոստովանել կատարածը։ Գործի շրջանակում հարուցվել է քրեական վարույթ՝ սպանության և սպանության փորձի հոդվածներով։ Իրավապահները շարունակում են որոնել հանցագործության գործիք դանակը։