ՀայաստանՊատահար

Արմավիրի մարզում դադարեցվել է ավազի ապօրինի արդյունահանումը

Արմավիրի մարզում հայտնաբերվել և դադարեցվել է ավազի ապօրինի արդյունահանման դեպք։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները կանխարգելիչ միջոցառումների ընթացքում Արաքս համայնքի Ապագա գյուղի վարչական տարածքում նկատել են ծանր տեխնիկայով իրականացվող աշխատանքներ, որոնք կատարվում էին առանց որևէ իրավական հիմքի։

Տեսչական մարմնի հաղորդմամբ՝ ապօրինի արդյունահանումը տեղի էր ունենում մեծածավալ ծանր տեխնիկայի և բեռնատար մեքենայի օգտագործմամբ։ Միջամտության արդյունքում աշխատանքները անմիջապես դադարեցվել են, իսկ տեխնիկան և բեռնատարը տեղափոխվել են Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի պահպանվող տարածք։

Գործի հանգամանքները պարզելու և իրավական գնահատական տալու նպատակով առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։

Սեդա Մարտոյան