
«Սև Հովազ»-ի հրամանատար Սերոբ Գասպարյանի առողջական վիճակը կալանքի պայմաններում վատթարացել է
Շուրջ մեկ տարի կալանքի տակ գտնվող «Սև Հովազ» ռազմահեղափոխական կոմիտեի հրամանատար Սերոբ Գասպարյանը, ըստ նրա պաշտպանական թիմի, այժմ ունի կյանքին վտանգ սպառնացող հիվանդություններ, որոնք անհամատեղելի են կալանքի հետ։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ Գասպարյանը քրեակատարողական հիմնարկ է ընդունվել լիովին առողջ, սակայն ներկայումս նրա առողջական վիճակը լուրջ մտահոգություն է առաջացնում։
Փաստաբանների խոսքով՝ բժշկական փորձաքննություն իրականացնող մարմնի ղեկավարը գործով դատախազի հայրն է, ինչը ակնհայտ շահերի բախում է և խաթարում է փորձաքննության օբյեկտիվությունը։
Նրանք ընդգծում են, որ կալանքի պայմաններում պատշաճ և հասանելի բուժօգնության բացակայությունը հակասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածին, որն արգելում է անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքը։
Պաշտպանական թիմը պահանջում է կազմակերպել անկախ, բազմապրոֆիլ բժշկական զննում քաղաքացիական մասնագիտացված կենտրոնում, ապահովել փորձաքննության անաչառությունը, վերանայել կալանավորման միջոցը և կիրառել ազատությունից չզրկող, համաչափ այլ միջոց։
Հիշեցնենք, որ ՀՀ իշխանությունը յուրացնելու նախապատրաստության համար 7 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, որոնցից 4–ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ 3–ը կալանավորվել էին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրանցից մեկը Սերոբ Գասպարյանն է։ Վերջինս Սև հովազ» ջոկատի հրամանատարությունը ստանձնել է եղբոր՝ Ռուստամ Գասպարյանի մահից հետո։ Վերջինս և նրա որդին զոհվել են 44-օրյա պատերազմի ժամանակ։
Հարկ է նշել, որ փաստաբանական թիմը չի ընդունում մեղադրանքը և քրեական հետապնդումը ապօրինի համարում։ Մի քանի օր առաջ էլ նրանք նամակով դիմել էին Ռուսաստանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների՝ Գասպարյանի անմեղությունը ապացուցելու համար որոշակի փաստաթղթեր տրամադրելու նպատակով։