
Երևանում և Աշտարակում թմրաշրջանառության խոշոր դեպք է բացահայտվել
Ոստիկանությունը ձերբակալել է 39-ամյա երևանցու և 41-ամյա աշտարակցու, ովքեր Երևանի տարբեր հասցեներում թմրանյութերի փաթեթներ են տեղադրել։ Նրանք Արշակունյաց պողոտայում ձերբակալվել են «Օպել» մակնիշի ավտոմեքենայով և տեղափոխվել Շենգավիթի բաժին։
Աշտարակցու խուզարկությամբ հայտնաբերվել է մոտ 11 գրամ մեթամֆետամինով 10 փաթեթ, իսկ երևանցու մոտ՝ ավելի քան 10 գրամ «Սփայս-շոկո» տեսակի թմրանյութով 10 փաթեթ և դարչնագույն զանգվածով գլանակ։ Արշակունյաց պողոտայի շենքերից մեկի շքամուտքում ոստիկանները գտել են նրանց տեղադրած սփայսով մեկ փաթեթ, իսկ Մանանդյան փողոցի շենքում՝ մեթամֆետամինով մեկ փաթեթ։
Դատարանի որոշմամբ խուզարկված «Օպել»-ում հայտնաբերվել է 91 փաթեթ «Սփայս» և 17 փաթեթ մեթամֆետամին։ Աշտարակցու տան խուզարկությամբ հայտնաբերվել է նաև 77 թուփ կանեփ։
39-ամյա երևանցին և 41-ամյա աշտարակցին կալանավորվել ու տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: