ՀայաստանՊատահար

Գյումրու շատրվանների սկանդալային «երգը». քաղաքապետարանը պարզաբանում է տվել

Հուլիսի 27-ի երեկոյան Գյումրիի կենտրոնական հրապարակում նորաբաց շատրվանների ցուցադրության ընթացքում հնչել է ռուսական «Доля воровская» երգը։ Տեսանյութը արագ տարածվել է համացանցում՝ առաջացնելով ակտիվ քննարկումներ։

Միջադեպին հաջորդած արձագանքների թվում են ՀՀ կառավարության մի շարք պաշտոնյաների մեկնաբանությունները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Telegram ալիքում գրել է.

«Вор должен сидеть в тюрьме, а не фонтанами баловаться» («Գողը պիտի նստի բանտում, ոչ թե շատրվաններով զբաղվի»)։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը միջադեպը որակել է որպես անընդունելի՝ շեշտելով, որ քաղաքային իշխանությունները պետք է առավել պատասխանատու վերաբերմունք դրսևորեն։

Ի պատասխան միջադեպին՝ Գյումրու համայնքապետարանը հրապարակել է պարզաբանում՝ նշելով, որ տեղի ունեցածը եղել է տեխնիկական խոտանի արդյունք։

Քաղաքապետարանը նաև ներողություն է խնդրել գյումրեցիներից՝ պատճառված անհարմարության համար և վստահեցրել, որ վերահսկողությունն ուժեղացվելու է, որպեսզի նմանատիպ միջադեպեր ապագայում բացառվեն։

Սեդա Մարտոյան