
«Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը մեղադրվում է շուրջ 60 մլն դրամի հափշտակության մեջ
ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ ավարտվել է «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի նկատմամբ քրեական վարույթի նախաքննությունը։ Նա, մի խումբ անձանց օժանդակությամբ, պետությանը պատճառել է շուրջ 60 մլն դրամի վնաս։
Նախաքննության տվյալներով՝ նախկին տնօրենը կազմակերպությունում որպես աշխատողներ է ձևակերպել 37 անձանց, որոնց մի մասը երբեք աշխատանքի չի հաճախել։ Նրանց անունով որպես աշխատավարձ փոխանցված գումարները յուրացվել են։
Նրա և ևս չորս անձանց նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ հափշտակության և պաշտոնեական կեղծիքի հոդվածներով։ Նրանցից մեկի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն, մյուսների նկատմամբ՝ երկրի սահմանը լքելու արգելք։
Քննության ընթացքում պետությանը հասցված վնասից վերականգնվել է ավելի քան 26 մլն դրամը։ Գործն ուղարկվել է դատախազին՝ դատարան ներկայացնելու համար։