
Խնձորեսկում պատմամշակութային հուշարձանից ապօրինի ավազահանման դեպք է բացահայտվել
Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի մոտ գտնվող «Մխիթար Սպարապետ» պատմամշակութային հուշարձանի տարածքը ենթարկվել է ապօրինի ավազահանման։ Առանց համապատասխան թույլտվության՝ ընկերությունը օրական տասնյակ բեռնատար ավազային զանգված է քանդել հուշարձանի տարածքից և տեղափոխել Տեղ գյուղի վարչական տարածք՝ այն վերամշակելով շինանյութի համար։
Օգոստոսի 13-ին իրավապահները արձանագրել են իրավախախտումը։
Պատմամշակութային տարածքից հանքանյութ տեղափոխող յոթ բեռնատար հայտնաբերվել և տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Գործի նյութերը ուղարկվել են Գորիսի քննչական բաժին, որտեղ հարուցվել է քրեական վարույթ՝ միանգամից չորս հոդվածի հատկանիշներով, այդ թվում՝ պատմության կամ մշակույթի հուշարձանները վնասելու կամ ոչնչացնելու։
Նախաքննությունը շարունակվում է՝ պարզելու դեպքի բոլոր հանգամանքները։